Ընդհանուր տեղեկություններ

«Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը  «Գլաձորբանկ» ՓԲԸ ընկերությունից ՀՀ ԿԲ-ի Խորհրդի 01.07.2003թ. թիվ 224Ա որոշմամբ վերագրանցվել է «Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի, որը հանդիսանում է «Գլաձորբանկ» ՓԲԸ ընկերության իրավահաջորդը (լիցենզիա թիվ 5, գրանցման վկայական` թիվ 5):

Ընկերության գլխամասային գրասենյակի հասցեն է` ՀՀ, ք. Երևան, 0025, Չարենցի փողոց 1բ N 42

Ընկերության աշխատանքային օրերն են` երկուշաբթի-ուրբաթ

Աշխատանքային ժամերը` 09:30-18:00

Տեղեկատու հեռախոս` (+374 10) 55-15-15

Բջջային հեռախոս` (+374 91) 57-76-50

Էլ-փոստ՝ info@gladzoruco.am

«Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը, համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, իր կանոնադրության և կանոնակարգերի, իրավունք ունի իրականացնելու ունիվերսալ վարկային կազմակերպություններին բնորոշ բոլոր գործառնությունները: Ընկերությունը իր գործունեության ընթացքում համագործակցում է բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ վճարահաշվարկային կազմակերպությունների հետ, հաճախորդներին պատշաճ և որակյալ մակարդակով սպասարկելու նպատակով կնքում է պայմանագրեր:

Ընկերությունը տրամադրում է վարկեր և ֆինանսական խորհրդատվություն ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց: Ընկերությունը հաճախորդներին առաջարկում է կարճաժամկետ և երկարաժամկետ վարկեր ՀՀ դրամով և արտարժույթով`

  • հիփոթեքային վարկեր` անշարժ գույքի ձեռք բերման, վերանորոգման և կառուցապատման նպատակով,
  • բիզնես վարկեր,
  • սպառողական վարկեր:

Ընկերության հիմնադիրները ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք են:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 1,616,700 հազ ՀՀ դրամ:
Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է:
Ընկերության ընդհանուր գործունեությունը կառավարվում է Ընկերության խորհրդի, իսկ ընթացիկ գործունեությունը գործադիր տնօրենի կողմից:

Ընկերության խորհուրդը բաղկացած է 4 անդամից, հետևյալ կազմով`

  • խորհրդի նախագահ՝ Արման Աբրահամյան
  • խորհրդի անդամ՝ «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ գործադիր տնօրեն Աննա Դարբինյան
  • խորհրդի անդամ՝ Էդիտա Գաբրիելյան
  • խորհրդի անդամ՝ Արտակ Մարտիրոսյան
     

31.12.2025թ. դրությամբ ընկերության ընդհանուր ակտիվները կազմել են 3,411,279   հազ. դրամ, ընդհանուր պարտավորությունները`  343,653  հազ. դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` 3,067,626 հազ. դրամ:

31.12.2025թ. դրությամբ աշխատակիցների թվաքանակը 12 է:

Տրամադրվող վարկի մեծության որևէ սահմանափակում վարկային կազմակերպության կողմից չի կիրառվում և այն պայմանավորված ու կապակցված է՝

  • վարկի նպատակից,
  • հաճախորդի վարկունակությունից,
  • հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից,
  • վարկային ռիսկի գնահատումից,
  • ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից:

Տրամադրվող վարկերի ժամկետը

  • կարճաժամկետ վարկեր`  1 ամսից մինչև 1 տարի մարման ժամկետով
  • երկարաժամկետ վարկեր` 1-15 տարի մարման ժամկետներով:

Տոկոսադրույքի հաշվարկման կարգը

Վարկի օգտագործման համար վարկառուն վարկային կազմակերպությանը վճարում է տոկոս, որի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ, վարկի տրամադրման օրվանից` փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365 օր: Առանձին ծրագրերի շրջանակներում վարկավորման դեպքում տարին կարող է ընդունվել 360 օր:

Տոկոսագումարները վճարվում են վարկային պայմանագրում նշված ժամկետներում: Տոկոսների վճարման պարբերականությունը սահմանվում է վարկային պայմանագրի համաձայն:

Եթե վարկի կամ հաշվարկված տոկոսների մարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրերի հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրերին` ոչ աշխատանքային օրերի համար չհաշվարկելով տույժ:

Վարկային պարտավորության մարումները

Վարկերը մարվում են այն ժամկետներում, որոնք նշված են վարկային պայմանագրում, անուիտետ եղանակով, որի դեպքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է հավասար չափի գումար, որը կազմված է վարկի մայր գումարից և տոկոսագումարներից, սակայն, սկզբնական շրջանում այդ նույն չափի գումարի մեջ ավելի մեծ է տոկոսագումարների մեծությունը, փոքր է մարվող մայր գումարը: Ժամանակի ընթացքում այս բաշխումը փոքրանում է, այսինքն` մայր գումարի մեծությունը ամսական մարման մեջ մեծանում է, իսկ տոկոսագումարների մեծությունը փոքրանում է, սակայն ամսական վճարումները մնում են անփոփոխ:

Վարկերը մարվում են այն արժույթով, որով ձևակերպվել են:

Արտարժույթային վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Արտարժույթի փոխարժեքի փոփոխության դեպքում արտարժույթով տրամադրված վարկերի գծով փոխարժեքի փոփոխության ազդեցության ռիսկը կրում է վարկառուն:

Վարկային պարտավորության մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ`

  • դատական ծախսերի գումարը (առկայության դեպքում),
  • գրավի իրացման ծախսերը (առկայության դեպքում),
  • հաշվարկված տույժեր,
  • հաշվարկված տոկոսներ,
  • վարկի մայր գումար:

Վարկային պայմանագրի դադարեցում

Վարկային կազմակերպությունը կարող է դադարեցնել վարկային պայմանագրի  գործողությունը և ետ պահանջել վարկի գումարը, եթե`

  • վարկառուն թերանում է կատարել վարկային պայմանագրով    նախատեսված որևէ վճար,
  • վարկառուն խախտում է իր կողմից կատարված որևէ հավաստիացում ու չի վերացնում այդ խախտումը դրա առաջացումից հետո 30 օրվա ընթացքում,
  • եթե պարզվում է, որ վարկառուի կողմից տրված որևէ ներկայացում, երաշխիք, փաստաթուղթ կամ տեղեկություն էապես թերի է,
  • եթե վարկային կազմակերպության հիմնավորված գնահատականով տեղի է ունեցել վարկառուի ֆինանսական վիճակի էական բացասական փոփոխություն, ներառյալ` դատական պահանջներ, ակտիվների արտահոսք, բիզնեսի վատթարացում կամ դադարացում, ընկերության վերակազմավորում,
  • եթե վարկառուն լուծարվում է և նրա նկատմամբ սկսված է կամ վերահաս է սնանկության գործընթաց,
  • եթե վարկառուն խոչընդոտում է մոնիտորինգի անցկացմանը:

Ժամկետանց վարկ և ժամկետանց տոկոս

  • Վարկը կամ դրա մի մասը, ինչպես նաև հաշվարկված տոկոսագումարները համարվում են ժամկետանց, եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում չեն մարվել:
  • Վարկը ժամկետանց անցնելու օրվանից անվանական տոկոսադրույքի հաշվարկումը չի դադարում, և, միաժամանակ, ժամկետանց գումարի մնացորդի նկատմամբ կիրառվում է տույժ՝ օրական 0.06%-ը:
  • Ժամկետանց տոկոսագումարի գծով հաշվարկվում է տույժ՝ օրական 0.07%:

Վարկային գործի վերաբերյալ բացասական եզրակացության հիմքերն են՝

  • դիմելու պահին հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության արդյունքների անհամապատասխանությունը ընկերության վարկավորման կանոնակարգերին և այլ իրավական ակտերի չափանիշների,
  • ներկայացված ծրագրի անբավարար շահութաբերությունը և բարձր ռիսկայնությունը,
  • վարկի օգտագործման նպատակների թերհիմնավորումը,
  • ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը,
  • վարկի ապահովության անբավարար իրացվելիությունը,
  • ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրի կողմից տրված բացասական վարկային պատմությունը,
  • հաճախորդի գործունեությունից շրջակա միջավայրի աղտոտումը կամ վնասումը,
  • այլ պատճառներ:

Վարկի ապահովվածությունը

«Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ն տրամադրում է ապահովություն ունեցող վարկեր: Տրամադրված վարկերը համարվում են ապահովվածություն ունեցող, եթե բավարարված են հետևյալ պայմաններից առնվազն մեկը՝

  • ապահովված են գրավով կամ վարկային կազմակերպության կողմից ընդունելի երաշխավորությունով, որի հետ կնքված է երաշխավորության պայմանագիր,
  • ապահովված են վարկի վերադարձելիությունը հիմնավորող գործարար ծրագրով, պայմանագրերով կամ այլ հիմնավոր փաստաթղթերով,
  • ապահովված են վարկառուի ֆինանսական հոսքը բնութագրող բավարար տեղեկատվությամբ:

«Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ համար որպես գրավի առարկա կարող է հանդիսանալ`

  • անշարժ գույք` հողամասեր, շենքեր շինություններ, բնակարաններ, առանձնատներ.
  • հիմնական միջոցներ,
  • շրջանառու միջոցներ,
  • ավտոմեքենաներ,
  • պետական պարտատոմսեր, արտարժույթ, բաժնետոմսեր,
  • ապագայում ձեռք բերվելիք գույքը և իրավունքի գրավը։

«Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ համար գրավի առարկա չի կարող հանդիսանալ`

  • շրջանառությունից հանված գույքը,
  • անբաժանելի գույքի առանձին մասերը
  • վարձակալության իրավունքը,
  • այլ պայմանագրով, այլ ֆինանսական կազմակերպություններում արդեն գրավադրված գույքը, քաղաքային, գյուղական և թաղային համայնքների սեփականության իրավունքով պատկանող գույքը:

Գրավադրված գույքի իրացում

  • գրավադրված գույքը իրացվում (վաճառվում) է հրապարակային սակարկությունների միջոցով` «Հրապարակային սակարկությունների մասին»  ՀՀ օրենքով սահմանված կարգով,
  • նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագրով կամ գրավատուի և գրավառուի միջև կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ կարող է սահմանվել գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) այլ կարգ,
  •  գույքի իրացման (վաճառքի) դեպքում գրավատուն նախապես գրավոր տեղեկացվում է գրավառուի կողմից,
  • վարկային կազմակերպության համաձայնությամբ գրավատուն իրավունք ունի իրացնել գույքը: Իրացման արդյունքում գումարը առաջնահերթ ուղղվում է վարկային պարտավորության մարմանը: